Պապեն․ ««ՊՍԺ»-ն կարող է գերազանցել «Ռեալին»»

143

Լեգենդար Ժան-Պիեր Պապենը՝ «Մարսելի», «Միլանի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին աստղը, խոսել է «ԱՍ»-ի հետ Մադրիդի «Ռեալի» և «ՊՍԺ»-ի միջև Չեմպիոնների լիգայի մոտակա խաղի մասին։

— Ո՞վ է այս հանդիպման ֆավորիտը՝ «Ռեա՞լը», թե՞ «ՊՍԺ»-ն։

— «ՊՍԺ»-ի հաղթանակը մի քիչ ավելի հավանական է թվում, քանի որ թիմը չի կասկածում իր ֆուտբոլին, նրանք հաղթում են գրեթե բոլոր խաղերում և գործնականում արդեն Ֆրանսիայի չեմպիոնն են։ Բայց ես չեմ վստահում «Ռեալին»։ Ոչ էլ «ՊՍԺ»-ն պիտի վստահի։ Թեև նրանք թեթևակի առավելություն ունեն, խաղալու են թիմի դեմ, որը հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղարկություններում։ Եվ դա պատահականություն չէր։ Սա այս տարի տիտղոս նվաճելու «Ռեալի» վերջին հնարավորությունն է, և մենք գիտենք, թե նրանք ինչի են ընդունակ այս մրցաշրջանում։ Պետք է հարգել նրանց։

— «Ռեալը» ողջ ջանքերը կենտրոնացնում է Չեմպիոնների լիգայի վրա։ Սա նրանց ավելի վտանգավո՞ր է դարձնում։

— Բնականաբար։ «Ռեալի» խաղացողները ստեղծված են Չեմպիոնների լիգայի համար, նրանք սովոր են այնտեղ խաղալու և հաղթելու։ Նրանք մեծ փորձ ունեն մրցաշարում, ինչը նրանց հեղինակություն է տալիս, իսկ Չեմպիոնների լիգայում ամեն ինչ մանրուքներն են որոշում։ Չնայած դրան՝ ես արդեն մեկ ամիս է դիտում եմ «Ռեալի» խաղը, և հարձակումը մտահոգիչ է։ Նրանք դժվարությամբ են գոլեր խփում։

— Խաղի ելքը որոշելու են հարձակողական եռյակնե՞րը՝ Բեյլ-Բենզեմա-Կրիշտանու եռյակն ընդդեմ Նեյմար-Կավանի-Մբապե եռյակի։

— Կարծում եմ՝ այո։ Երբ վերլուծում ես «Ռեալի» և փարիզցիների հարձակումը, կարելի է հասկանալ, որ վերջինիս գլխավոր խաղաքարտը երիտասարդությունն է, իսկ առաջինինը՝ փորձը։ Պաշտպանությունում «Ռեալի» համար ամենակարևորը կլինի կանգնեցնել Մբապեին ու Նեյմարին, բայց դա դժվար կլինի (ծիծաղում է)։ Եթե «ՊՍԺ»-ն գոլ խփի «Բեռնաբեուում», դա նրանց լուրջ առավելություն կտա։

— Ինչպե՞ս եք բացատրում «Ռեալի» խնդիրները։

— Զգացողություն ունեմ, որ երեք տարի շարունակ նույն «Ռեալին» եմ դիտում։ Խաղացողների միջև մրցակցություն չկա։ Ես չեմ ասում, որ թիմը ծերանում է, բայց պակաս տպավորիչ է, քան նախորդ մրցաշրջանում։ Մենք շատ անգամ ենք տեսել այս թիմի խաղը, և չի եղել ոչ մի փոփոխություն, ոչ մի նոր խաղացող մեկնարկային կազմում։ Մադրիդի «Ռեալի» համար դժվար է խաղի մակարդակը բարձրացնել։ Այս պահին այն «նորմալ» թիմ է։ Բայց սա նրանց մրցաշարն է, մենք կտեսնենք նրանց Չեմպիոնների լիգայում։

— Կարծում եք՝ «Ռեալը» ճի՞շտ վարվեց՝ հունվարին նոր խաղացող ձեռք չբերելով։

— Անձամբ ես ինը համար կբերեի թիմ, բայց դա իմ կարծիքն է։ Կարծում եմ՝ «Ռեալը» պետք է մրցակցությունն ուժեղացնի այդ դիրքում։ Կատարյալ օրինակը Բենզեման է։ Նա շատ գոլեր էր խփում, իսկ հիմա՝ ոչինչ։ Նա անգամ վտանգավոր չի թվում, ամենատարօրինակը դա է։ Բայց ո՞վ ավելի լավ գիտի, թե թիմն ինչի կարիք ունի։ Զիդանից լավ՝ ոչ ոք։ Նա ճանաչում է թիմին և վստահում է իր խաղացողներին։ Վերջին երկու մրցաշրջաններում նա չէր սխալվում, պետք է վստահել նրան։ Ես Զիդանին շատ եմ հարգում։ Նա շատ բանի է հասել։

— Ինչպե՞ս եք բացատրում Բենզեմայի հետ պատահածը։

— Հարձակվողի կյանքում ոչինչ մշտապես կատարյալ չէ։ Միշտ ժամանակներ են լինում, երբ ոչինչ չի ստացվում։ «Ռեալի» խնդիրն ընդհանուր է, բոլորը խնդիրներ ունեն։ Կարծում եմ՝ մոտակա շաբաթների ընթացքում «Ռեալը» կբարելավի իր խաղը, բայց այս պահի դրությամբ «ՊՍԺ»-ն կարող է գերազանցել նրանց։

Մեկնաբանություններ

Տարածել