8 հարց, որոնք անպատասխան չեն մնա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆի առաջին փուլից հետո

367

Վաղը կվերսկսվի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը: Փլեյ-օֆֆի առաջին փուլը կպատասխանի այն 8 հարցին, որոնք օրակարգում են հաշվետու դիմակայություններից առաջ:

  • Ինչպե՞ս կփորձի Մադրիդի «Ռեալը» կանգնեցնել Նեյմարին

Կավանի-Նեյմար-Մբապե հարձակվողական եռյակը պարզապես փայլում է ընթացիկ մրցաշրջանում, իսկ նրանց թիմն արդեն 25 գոլ խփել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնությունում՝ մեկ խաղում միջինը 4,17 գոլ: Հատկանշական է, որ դիմակայության առաջին խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի մադրիդցիների աջ եզրային պաշտպան Դանի Կարվախալը: Վերջինիս փոխարեն ըստ ամենայնի կխաղա Նաչոն և կփորձի կանգնեցնել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստին, որի խաղը «Սանտիագո Բեռնաբեուում» ստացվել է: Նեյմարը «Բարսելոնայի» կազմում երեք անգամ է խաղացել Մադրիդում, դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ճիշտ է, Նաչոն արդեն ցույց տվել է, որ կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ աշխարհի լավագույններին, սակայն չորեքշաբթի օրվա հանդիպումը թերևս ամենամեծ փորձությունը կլինի նրա համար ընթացիկ մրցաշրջանում:

  • Կկարողանա Հարի Կեյնն անցնել «Յուվենտուսի» պաշտպանությունը

Հարկի Կեյնը ներկա պահին Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկն է, ռեկորդային քանակությամբ գոլեր է խփում և Թուրին է ժամանել լավ մարզավիճակում ու բարձր տրամադրությամբ: Օրեր առաջ նա գրավեց նաև Լոնդոնի «Արսենալի» դարպասը: Երբևէ Լոնդոնի «Տոտենհեմը» նման հնարավորություններ չի ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկություններում, սակայն առաջիկա դիմակայությունում դեռ պետք է անցնել թուրինյան անանցանելի պատը: «Ծեր Սինյորան» միայն մեկ գոլ է բաց թողել սկսած անցած տարվա նոյմեբերի 19-ից, իսկ Կեյնի առջև հենց մրցակցի դարպասը գրավելու առաջադրանք է դրված:

  • Կխփի արդյոք «Լիվերպուլն» ամենաշատ գոլերը Չեմպիոնների լիգայում

Քչերն են հավատում, որ «Լիվերպուլը» կարող է պայքարել մրցաշարում հաղթելու համար, սակայն շատերի կարծիքով Յուրգեն Կլոպի սաները կարող են իրենց արդյունավետ խաղով տպավորել ֆուտբոլասերներին: Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն ու Ռոբերտո Ֆիրմինոն հիանալի մարզավիճակում են, կիրակի օր հաղթել են «Սաուտհեմպտոնին» 2:0 հաշվով: «Կարմիները» մրցելու են պորտուգալական «Պորտուի» հետ, որն ընթացիկ խաղարկությունում չի փայլում վստահ խաղով պաշտպանությունում: Ավելին, կասկածի տակ է «Պորտուի» պաշտպան Իվան Մարկանոյի մասնակցությունը առաջիկա խաղին: Վերջինիս բացակայությունը ավելի կթուլացնի Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմի դիրքերը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում «Լիվերպուլը» խփել է 61 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 խաղում մրցակիցներին տխրեցրել են 23 անգամ՝ մեկ խաղում միջինը խփելով 3,62 գոլ: Չեմպիոնների լիգայի խաղարկության ոչ բոլոր մասնակիցները կարող են հպարտանալ նման արդյունավետությամբ:

  • Կկարողանա արդյոք Պեպ Գվարդիոլան հերթական քայլը կատարել դեպի հարազատ դարձած կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց ֆրանսիական «Մոնակոյին»: Առաջին դեպքն էր, երբ Գվարդիոլայի գլխավորած թիմը թողնում է պայքարն այդ փուլից ու առնվազն չի հասնում մինչև կիսաեզրափակիչ: Ներկայիս «Սիթին», կարծես, իրենց այլ ուժ է ներկայացնում: Թիմը վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը և երևում է՝ ամբողջությամբ կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի խաղարկության վրա:

  • Կկարողանա Մեսսին վերջապես գրավել «Չելսիի» դարպասը

«Բարսելոնան» ու «Չելսին» ծանոթ մրցակիցներ են Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, վերջին տարիներին հաճախ են հանդիպում միմյանց, սակայն կատալոնացիների աստղ Լիոնել Մեսսիին դեռևս չի հաջողվել գրավել լոնդոնցիների դարպասը: «Չելսին» այն քիչ ակումբներից մեկն է, որը կարողացել է անընդմեջ կանգնեցնել Մեսսին: Ընդհանուր հաշվով արգենտինացին «Չելսիի» հետ խաղացել է 8 անգամ, կատարել է 29 հարված, սակայն դարպասը գրավել չի կարողացել: Անտոնիո Կոնտեի սաները կփորձեն Մեսսիին կանգնեցնել նաև այս անգամ, ըստ ամենայնի այդ հարցում իտալացին կվստահի Նգոլո Կանտեին:

  • Կկարողանա «Սևիլիան» հաղթահարել 1/8 եզրափակչի անեծքը

«Սևիլիան» հինգերորդ անգամ է ուժերը փորձելու մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում, սակայն միայն 1958 թվականին է կարողացել անցնել 1/8 եզրափակչի արգելքը: 21-րդ դարում սևիլիացիներն երեք անգամ անհաջողության են մատնվել. 2008 թվականին պարտվել են «Ֆեներբախչեին», 2010 թվականին՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ին, 2017 թվականին՝ «Լեսթերին»:  Այս անգամ իսպանական ակումբի ճանապարհին կփորձի կանգնել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը»: Էռնեստո Մարկուչիի սաներին իրոք դժվար փորձություն է սպասում, առավել ևս, որ անցած հունվարին մանկունիանցիներն ուժեղացրել են կազմը Ալեքսիս Սանչեսով:

  • Ինչպես իրեն կդրսևորի լավ մարզավիճակում գտնվող «Բավարիան»

Յուպ Հայնկեսի վերադարձից հետո բավարացիները կամաց-կամաց վերադառնում են նախկին մակարդակին: Փորձառու մասնագետի գլխավորությամբ մյունխենցիները բոլոր մրցաշարերը հաշվի առած պարտվել են միայն երեք անգամ, իսկ «Ալիանս Արենան» շարունակում է մնալ անառիկ: Թիմը չի պարտվել սեփական հարկի տակ սկսած 2016 թվականից: Մրցաշրջանը շատ վատ մեկնարկած «Բավարիան» ընթացքում լավ թափ հավաքեց ու ներկա պահին հավակնորդների թվում է: Առաջին մրցակիցը թուրքական «Բեշիկթաշն» է, որը հունվարին կորցրել է գլխավոր ռմբարկուներից մեկին՝ Ջենկ Տոսունին, որը տեղափոխվել է «Էվերտոն»:

  • «Ռոմային» կհաջողվի դուրս գալ ներկայիս ճգնաժամից ու լավ հանդես գալ եվրաասպարեզում

Հռոմեացիները փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին՝ խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը, որտեղ նրա մրցակիցներն էին «Չելսին» ու «Ատելտիկոն»: «Գայելրի» համար դա հիանալի արդյունքն էր, սակայն դրանից հետո թիմի գործերն այնքան էլ լավ չընթացան Իտալիայի առաջնությունում: Վերջին 10 խաղում «Ռոման» տարել է ընդամենը 3 հաղթանակ, իսկ նրա մրցակիցը Դոնեցկի «Շախտյորն» է, որին Գվարդիոլան անվանել է մրցաշարի լավագույն թիմերից մեկը: Դժվար է ասել, արդյոք «Ռոման» կկարողանա հաղթահարել ուկրաինական արգելքը: Այստեղ կարող է իր ազդեցությունն ունենալ նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի առաջնությունում ձմեռային ընդմիջումը դեռ ավարտված չէ:

Մեկնաբանություններ

Տարածել