«Տոտենհեմի» նախագահը պնդում է, որ չի վաճառելու իր աստղերին

82

«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին ասել է «Սկայ Սպորտս Նյուզին», որ ամռանն ակումբը ոչ մի խաղացողի չի վաճառի, եթե չցանկանա։ Հարրի Քեյնի և Դելե Ալիի նման կարևոր խաղացողներով հետաքրքրված են Եվրոպայի ամենամեծ ակումբները, որոնց թվում՝ Մադրիդի «Ռեալը»։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի և ԱՄՆ Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) փոխնախագահ Մարկ Ուոլերի հետ «Խթանների» նոր մարզադաշտի շինհրապարակ կատարած այցի ժամանակ Լևին նաև հաստատեց, որ ակումբը ցանկանում է նոր խաղացողներ ձեռք բերել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Ես 100 տոկոսով վստահ եմ,- ասել է նա։- Կարող եմ վստահեցնել, որ ցանկացած խաղացող, որին կցանկանանք պահել, հաջորդ մրցաշրջանում կխաղա «Տոտենհեմում»։ Եթե հնարավորություն է առաջանում, որ Մաուրիսիոյի կարծիքով կարող է բարելավել թիմը, մենք քննարկում ենք այն, բայց հունվարի տրանսֆերային պատուհանը միշտ շատ դժվար է եղել»։

Լևին, Խանը և Ուոլերը ուսումնասիրեցին «Նորթամբերլենդ Պարկի» զարգացումը, որի մի հատվածը պետք է ավարտվի 2018-19 մրցաշրջանից առաջ և ընդունի NFL-ի որոշ խաղեր։

«Աշխարհի երկու մեծագույն մարզաձևերը միավորելն այս մարզադաշտում շատ հետաքրքիր է մեզ համար,- ասաց Լևին։- Շատ կարևոր է, որ մարզադաշտն իսկապես ծառայի տեղի համայնքին։ Մենք ցանկանում ենք, որ առաջիկա տասը տարիների ընթացքում ողջ տարածքy փոխվի, իսկ տեղի համայնքը՝ բարգավաճի»։

NFL-ի փոխնախագահ Ուոլերն ասաց․ «Սա իմ չորրորդ այցն է, և ինձ ամենաշատը զարմացնում է այն, թե ինչքան բան է արվել իմ վերջին այցից հետո։ Հսկայական ծավալի աշխատանք է կատարվել, ընդ որում՝ ամենաբարձր որակով։ Փաստը, որ մենք կարողացել ենք աշխատել Դենիելի հետ և հարմարեցնել մարզադաշտը մեր կարիքներին՝ առանց մեծ փոփոխությունների, փաստը, որ մենք մեր հանդերձարանն ունենք, նշանակում է, որ սա NFL-ի համար իդեալական մարզադաշտ է լինելու»։

 

Մեկնաբանություններ

Տարածել