Մարկ Կլատենբուրգը հեռացել է Պրեմիեր լիգայից Մոուրինյոյի պատճառով

628

Նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը խոստովանել է, որ հեռացել է Պրեմիեր լիգայից «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատության պատճառով։

Հիշեցնենք, որ փետրվարին 42-ամյա Կլատենբուրգը որոշեց հեռանալ Պրեմիեր լիգայից՝ դառնալով Սաուդյան Արաբիայի մրցավարական կորպուսի ղեկավարը։ Մարկի խոսքերով իրեն այդ քայլին մղեց Մոուրինյոյի հետ կոնֆլիկտը։

«Ես սպասարկում էի այն հանդիպումը, որտեղ Ուեյն Ռունին գերազանցեց սըր Բոբի Չառլտոնի ռեկորդը, իսկ խաղից հետո Մոուրինյոն մտավ հանդերձարան և դժգոհություն հայտնեց, որ ես 11-մետրանոց չնշանակեցի «Սթոքի» դարպասին՝ իբր տուգանայինում ձեռքով խաղի համար։

Միշտ էլ դժվար է դատել «Յունայթեդի» հանդիպումները, բայց ես վստահ էի, որ լավ եմ աշխատել։ Եվ երբ իմ աշխատանքն այդ խաղում սկսեց քննադատել Մոուրինյոն՝ չնայած գնդակը դիպչել էր խաղացողի կրծքին, ես սկսեցի կասկածել։

Տուն վերադառնալիս ես մտածում էի, որ մեծ սխալ եմ գործել, իմ վերաբերմունքն աշխատանքի հանդեպ փոխվեց։ Ես հարցրի ինքս ինձ. Ուզու՞մ եմ հետագայում էլ այդ ամենի մասնիկը լինել, ուզու՞մ եմ հետագայում էլ որպես մրցավար աշխատել։

Ես երկար մտածեցի, բայց ի վերջո հասկացա, որ այլևս այդ աշխատանքից այն հաճույքը չեմ ստանում, որը նախկինում էի ստանում։ Ուստի հրաժեշտ տվեցի մրցավարությանը»,- Կլատենբուրգին է մեջբերում Goal-ը։

Մեկնաբանություններ

Տարածել