Լուիս Սուարես. «Նեյմարը երբեք «Ռեալ» չի տեղափոխվի»

115

Բարսելոնայում «Ադիդասի» նոր վաճառակետի բացմանը Լուիս Սուարեսը հարցազրույց է տվել «Մարկային»:

— Դուք լուռ, ժպտադեմ մարդ եք: Կապ ունե՞ք այն Սուարեսի հետ, որին բոլորը տեսնում են դաշտում կռվելիս և վիճելիս:

— Բոլորովին, թեև ես ճանաչում եմ այդ Սուարեսին: Դա իմ խաղաոճն է: Ամեն րոպեի համար պայքարելն ինձ հասցրել է այնտեղ, որտեղ կամ: Որոշ խաղերում մտածում եմ դրա մասին և փորձում եմ ավելի հանգիստ լինել, բայց անհնար է, որ դա ստացվի: Ինչքան ավելի լուռ եմ, այնքան անհարմար եմ ինձ զգում: Այնպես որ ես միշտ պիտի կռվեմ և վիճեմ, բայց սա միայն դաշտում է պատահում: Դաշտից դուրս ես լռակյաց եմ և ավելի բարեհամբույր:

— Ճի՞շտ է, որ այս մրցաշրջանի ընթացքում ցավը հաղթահարելով էիք խաղում:

— Այո, բայց հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Բարդ բուժում էր անհրաժեշտ, և հիմա առաջընթաց եմ գրանցել: Չեմ ցանկանում շարունակել զգալ այդ ցավը, պիտի թույլ չտամ, որ վերադառնա:

— Կարծում եք` Նեյմարը ճի՞շտ վարվեց` հեռանալով «Բարսելոնայից»:

— Նեյմարը հասուն անձնավորություն է, որը գիտակցում էր, թե ինչ որոշում է կայացրել: Նա հաստատ մեծ ցավով է կայացրել այն, որովհետև այստեղ նա երջանիկ էր: Բայց մենք բոլորս պիտի ընդունենք, որ նա այլ մարտահրավերների մասին էր մտածում և ցանկանում էր ընդունել դրանք: Դա հասկանալի որոշում էր, որը նա կայացրեց իր ընտանիքի հետ միասին: Մենք նրան չենք հանդիմանում, այլ հիանում և սիրում ենք այն ամենի համար, որ նա տվել է ակումբին և հարաբերությունների համար, որ կառուցել ենք այս տարիների ընթացքում:

— Խոսակցություններ կան, որ մի օր նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

— Անկեղծ ասած` չեմ հավատում: Ես գիտեմ` Նեյմարն ինչպիսին է, գիտեմ, թե նա ինչպես է հիանում «Բարսելոնայով» և իր թիմակիցներով: Չեմ պատկերացնում, որ կխաղա «Ռեալում»:

— Այն ամենից հետո, ինչ նրանք նվաճեցին Զիդանի հետ, ինչպե՞ս եք բացատրում «Ռեալի» ներկայիս վատ մարզավիճակը:

— Բոլոր թիմերն էլ անկման պահեր են ունենում, երբ լավ չեն խաղում կամ արդյունք չեն գրանցում: Նրանք շատ հաճախ են հարվածում, բայց չեն կարողանում գոլ խփել: Ֆուտբոլում դա նորմալ է, բոլորս էլ անցնում ենք դրա միջով:

— Ի՞նչ փոխվեց Վալվերդեի ժամանումից հետո:

— Նա մարզիչ է, որը վստահում է իր բոլոր խաղացողներին: Շատ բան չի փոխվել Լուիս Էնրիկեից հետո, բայց մարզվելու և խաղին պատրաստվելու ձևն ուրիշ է: Մենք, որպես թիմ, միշտ պիտի պատրաստ լինենք լավագույն կերպով դա անելու:

— Շատ խոսակցություններ կային այն մասին, որ «Բարսելոնան» ամռանը ձեռք չբերեց իր ցանկացած խաղացողներին: Թիմը անհրաժեշտ կերպով ուժեղացվե՞ց Նեյմարի հեռանալուց հետո:

— Նեյմարն ուրիշ և յուրահատուկ խաղացող է: Եկել են շատ խաղացողներ, որոնք մեծ ներդրում են ունենում խաղի մեջ, ինչպիսին է Ժերար Դելոֆեուն, որն արդեն խաղացել էր ակումբում: Պաուլինյոն լռեցրեց բազմաթիվ քննադատների և շատ բարձր մակարդակով է հանդես գալիս իր ժամանումից հետո: Նա Բրազիլիայի ավագներից մեկն է: Ուսման Դեմբելեի բախտը չբերեց, և նա վաղ շրջանում վնասվածք ստացավ, բայց երբ առողջանա, կտեսնեք, թե ինչպես կզարմացնի շատերին: Այս պահին շատ խոսակցություններ կան, թե որ խաղացողները կարող են գալ, և ովքեր կարող են հեռանալ, բայց մենք դրա մասին չգիտենք:

— Ճի՞շտ է, որ Դուք ինչ-որ կերպ հարթել եք Նեյմարի և Էդինսոն Կավանիի հարաբերությունները:

— Բոլորովին, ես հեռու էի դրանից:

— Ո՞վ է Ձեզ սովորեցրել մեջքով շրջվել պաշտպաններին և պաշտպանվել:

— Ես միշտ էլ արել եմ դա: Հիմա պաշտպաններն ինձ ճանաչում են և թույլ չեն տալիս, որ այդքան շատ մարմինս օգտագործեմ: Այնպես որ ես պետք է օգտվեմ իմ այլ առավելություններից: Ես այդ հնարքը սովորել եմ երիտասարդ տարիքում և կատարելության եմ հասցրել այն: Ընկերներս շատ են կատակում դրա մասին:

— Ո՞րն է այս պահին Ձեր ամենամեծ մարտահրավերը:

— Առաջին մարտահրավերը 2018-ին «Բարսելոնայի» հետ ամեն ինչ նվաճելն է, իսկ հետո Ուրուգվայի կազմում լավ Աշխարհի առաջնություն անցկացնելը:

— Ի՞նչ եք զգում, երբ չի հաջողվում գոլ խփել:

— Դա նշանակում է, որ դու լավ մարզավիճակում չես և ինքդ էլ գիտես, որ ինչ էլ անես, գնդակը ներս չի մտնի: Ահա թե ինչու ծիծաղեցի այն օրը, երբ վրիպեցի: Եթե ես երկար ժամանակ լավ հնարավորություններ բաց թողնեի, կանհանգստանայի, բայց այդպես չէ: Ես շատ լավ գիտեի, թե ինչ էր լինելու:

— Ի դեպ` շատ անհաջող շրջան է ձեզ մոտ: 

— Ես ինքնաքննադատաբար եմ մոտենում ինքս ինձ և վատ եմ զգում գոլ չխփելու համար: Բայց կարևորը թիմին օգնելն է, և եթե ես ֆիզիկապես լավ եմ կամ լավ խաղ եմ անցկացրել, ես գոհ եմ: Զայրանում եմ, երբ չեմ կարողանում օգնել թիմին:

— Ո՞վ կլինի Աշխարհի առաջնության հերոսը: Մեսսի՞ն, Նեյմա՞րը, Սուարե՞սը:

— Շատ հավաքականներ կան, որ բարձր մակարդակով են խաղում և կարող են հաղթել: Թիմեր կան, որոնցում միավորվում են երիտասարդությունը և փորձը: Հրաշալի Աշխարհի առաջնություն կլինի, որը երկար կհիշվի:

Մեկնաբանություններ

Տարածել