Պեպ Գվարդիոլա. «Հիանում եմ «Նապոլիի» խաղով, իսկ Սարին լուրջ հետք կթողնի իտալական ֆուտբոլում»

262

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի հերթական տուրի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցելու է իտալական «Նապոլիի» հետ: Հաշվետու մրցավեճի, մրցակցի և իր թիմից սպասելիքների մասին է խոսել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Ձոն «Նապոլիին». «Սիրում եմ դիտել «Նապոլիի» խաղը, սիրում եմ նրանց ցույց տված ֆուտբոլը, սիրում եմ նրանց մրցելույթների գեղեցկությունը: Այս ամենը չեմ ասում` քաղաքավարությունից դրդված, հակառակը՝ հավատում եմ դրան: Երբեմն հեռուստացույցով «Նապոլիի» խաղերը դիտելիս հիացմունքի բացականչություններ եմ անում: Նրանց խաղը տարբերվում է անգլիականից ակումբների խաղաոճից, պետք է ինչ-որ չափով հարմարվենք դրան: Չգիտեմ` արդյոք առաջիկա հանդիպումը դիտարժանությամբ հնարավոր կլինի համեմատել անցած գարնանը կայացած «Մոնակոյի» հետ խաղի հետ, բայց համոզված եմ, որ հրաշալի հանդիպման ականատես կլինենք»:

«Նապոլի». «Թիմը խաղում է բարձր պրեսինգով, ինչը թույլ է տալիս նրանց տարբեր խաղացողների հարվածային դիրք դուրս բերել: Հարձակման գծում Մերտենսի նման խաղացող ունեն, որին հաջողվել է Իգուաինի նման հարձակվողի փոխարինել: Կալյեխոնն արտակարգ է միանում խաղին: Խաղադաշտի կենտրոնում ունեն քանակ և որակ` ի դեմս Ժորժինյոյի և Համշիկի: Պաշտպանությունն ագրեսիվ է: Դարպասապահը հսկայական փորձ ունի ևառաջատար է: Ռեյնային լավ եմ ճանաչում, միասին աշխատել ենք Մյունխենի «Բավարիայում»: Խարիզմատիկ կերպար է: Հույս ունեմ, վաղը գեղեցիկ խաղ կլինի: Նախագահ դե Լաուրենտիսն ասել է, որ նպատակահարմար կլիներ հանգիստ տալ մի քանի խաղացողի «Ինտերի» հետ հանդիպումից առաջ, բայց չեմ հավատում նրան»:

Մաուրիցիո Սարի. «Համոզված եմ՝ լուրջ հետք կթողնի իտալական ֆուտբոլում, ինչպես նաև խաղացողների կարիերայում: Իտալական ֆուտբոլը մի հեղափոխական ունեցել է` Արիգո Սակկին: Ոչ, պարոն Արիգո Սակկին: Նա փոխել է ֆուտբոլն Իտալիայում: Հետո եկավ Անտոնիո Կոնտեն` իր «Յուվենտուսով»: Իսկ հիմա Սարին` մարդ, որը ժամանակաշրջանի վրա իր հետքն է թողնում: Երկար ճանապարհ է անցել, որոշիչ դեր է խաղացել տարբեր ֆուտբոլիստների կարիերայում, մեծ մարզիչ է»:

«Մանչեսթեր Սիթին». «Ագուերոն իրեն հրաշալի է դրսևորել վերջին մարզումների ժամանակ, նա իրեն լավ է զգում: Ինչ վերաբերում է Կևին դե Բրույնեին, ապա խաղացողներին Մեսսիի մակարդակին հասցնելը բոլորի երազանքն է: Քևինը ֆանտաստիկ խաղացող է, բայց չի կարելի համեմատություն անցկացնել Մեսսիի նման չեմպիոնի հետ, որն ունակ է մրցաշրջանում 60 գոլ խփել: Դե Բրույնեն դեռ կարող է առաջ գնալ և իսկապես դառնալ աշխարհի լավագույններից մեկը»:

Մեկնաբանություններ

Տարածել