«Բարսելոնան» ծրագրերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

370

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի առնվազն մեկ տրանսֆեր իրականացնել: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը կադրային որոշ խնդիրներ ունի: Ակումբն ամռանը չկարողացավ ձեռք բերել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոյին, փոխարենը գնեց Ուսման Դեմբելեի տրանսֆերը, որն ընթացիկ առաջնության մեկնարկում ծանր վնասվածք ստացավ և դուրս մնաց շարքից երկար ժամանակով:

Կատալոնացիները ցանկանում են նոր խաղացող հրավիրել և ուշադրությունը սևեռել են գերմանական շուկայի վրա, մասնավորապես, նրանց դիտակետում են Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Յուլիան Բրանդտն ու Գելզենկիրխենի «Շալկեի» խաղացող Մաքս Մայերը:

Նշվում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչներն այս օրերին Գերմանիայում են և հասցրել են դիտել «Բայեր» — «Վոլֆսբուրգ» հանդիպումն ու հետևել Յուլիան Բրանդտի խաղին: 21 ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգի» ակադեմիայի սան է, 3,5 տարի է առաջ է տեղափոխվել Լևերկուզեն 350 հազար եվրոյի դիմաց:

Վերջինիս գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին, հրաժարագինն է 40 միլիոն եվրո:

Բրանդտի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»:

Ինչ վերաբերում է Մաքս Մայերին, ապա 22-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Շալկեի» հետ ավարտվում է 2018 թվականին: Թվում է՝ վերջինս ձեռք բերելու համար «Բարսելոնայից» մեծ աշխատանք չի պահանջվի, քան Բրանդտի պարագայում:

Sport պարբերականը հայտնում է, որ Բրանդտն ու Մայերը համապատասխանում են այն ամենին, ինչ ցանկանում է «Բարսելոնան»: Հարկ է նշել, որ երկու ֆուտբոլիստն էլ կարող են մասնակցնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը, եթե  տեղափոխվեն Բարսելոնա և իհարկե եթե կատալոնական ակումբը հաղթահարի խմբային փուլի արգելքը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ «Բարսելոնան» ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել իր գլխավոր նպատակից և կրկին կփորձի ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինյոյին: Հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ, եթե իհարկե կատալոնական կողմը համաձայնի վճարել մոտ 130 միլիոն եվրո:

Մեկնաբանություններ

Տարածել