Զեդորֆ․ «Փոփոխությունները վաղ թե ուշ տեղի են ունենում»

112

«Միլանը» փոխվել է, նոր ղեկավարություն և նոր խաղացողներ ունի, բայց թիմին ամենաբարձր մակարդակում կրկին տեսնելու համար երկրպագուները պետք է համբերություն ունենան։ Այսպես է կարծում Կլարենս Զեդորֆը՝ մեկը, որը հաջողության մասին շատ բան գիտի և կարող է խոսել նաև անցումային փուլի մասին, քանի որ նրան հրավիրել էին Ալեգրիից հետո մարզելու «Միլանը»։ «Փոփոխությունները վաղ թե ուշ բոլորի համար տեղի են ունենում, և փուլերը բոլորի համար ավարտվում են,- ասաց հոլանդացի նախկին կիսապաշտպանը։- Բեռլուսկոնիի ժամանակաշրջանը լի էր ուրախությամբ և տիտղոսներով, որոնք ընդմիշտ կմնան ֆուտբոլի պատմության մեջ։ Երբ ես «Միլան» վերադարձա՝ որպես մարզիչ, ակումբն արդեն անհանգիստ փուլի մեջ էր, այնպես որ փոփոխությունն անխուսափելի էր։ Դա տեղի ունեցավ, և ինձ թվում է, որ նոր սեփականատերերը և նոր մարզիչը հստակ գաղափարներ ունեն։ Թիմ են հավաքել, այժմ անհրաժեշտ է նվիրվածությամբ և ուժով աշխատել, որպեսզի «Միլանը» կրկին մրցունակ դառնա։ Սրա համար ժամանակ է անհրաժեշտ, թեև ժամանակակից ֆուտբոլում այն շատ ավելի քիչ է»։

Կլարենսը և դերբիները։ Կիրակի օրը դերբի է, որը պետք է հաղթել ամեն գնով, ինչպես ասաց Մոնտելլան, որովհետև «Ռոսսոներիներին» հաղթանակ է պետք մեծ թիմի դեմ, որպեսզի ոտքի կանգնեն և ավելի հանգիստ կառուցեն ապագան։ «Օդից զգացվում է, որ դերբին է մոտենում,- ժպտում է Զեդորֆը։- Ինձ համար շատ հեշտ է ընտրել լավագույն խաղը, թեև ոչ։ Մի խաղ կար, որը հաղթեցինք 3-2 հաշվով՝ իմ գոլի շնորհիվ։ Հաճախ եմ խոսում Տոլդոյի հետ, որն այդ խաղում պաշտպանում էր «Ինտերի» դարպասը, և հաճախ կատակում ենք իրար հետ։ Մյուս դերբին 2002-03 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում էր, զգացմունքները շատ ուժեղ էին։ Երկու խաղերն էլ հավասար պայքարում անցան, բայց ի վերջո կարողացանք հաղթանակ տանել։ Ապա մեկնեցինք «Օլդ Թրաֆորդ» և «Յուվենտուսի» դեմ խաղում նվաճեցինք գավաթը։

Մալդինին և Բեքհեմը։ «Միլանում» ընկերների մասին խոսելիս նշում է Դեյվիդ Բեքհեմի անունը։ «Իսկական ընկերություն է ֆուտբոլում, որտեղ այն դժվար է գտնել,- ասում է Զեդորֆը։- Ավտոբուսում միշտ իրար կողքի էինք նստում։ Հաճախ չենք խոսում, բայց միշտ մեծ սիրով, շատ լավ տղա է։ Հիշում եմ, որ մինչև «Բոտաֆոգոյի» հետ պայմանագիր կնքելը մեկ շաբաթ Լոս Անջելեսում էի մարզվում, և նա ինձ մեքենայով տանում էր թիմի հետ մարզումների»։ Հետո խոսում է Պաոլո Մալդինիի մասին․ «Հաճախ ենք հանդիպում և խոսում։ Հարաբերություններն ավելի ամրացան, երբ ավարտեցինք կարիերան։ Պաոլոն ինձ համար շատ ավելին է, քան սովորական ֆուտբոլիստ, նրա կարիերայի երկարակեցությունը պետք է օրինակ ծառայի երիտասարդներին։ Մեր արժեքները համընկնում են»։ Վերջում նրան խնդրում են մեկ բառով սահմանել «Միլանը»։ «Հաղթող,- պատասխանում է Զեդորֆը։- Միշտ հաղթել հնարավոր չէ, բայց հաղթող լինել՝ այո։ Նույնիսկ երբ պարտվում ես, կարող ես հաղթող լինել՝ լկախված նրանից, թե ինչպես ես խաղում և ինչքան մրցունակ ես։ Չպետք է հանձվես դժվարություններից պատճառով, ավելին՝ պետք է ավելի քաջ լինես։ Ինձ համար սա է նշանակում հաղթող լինել»։ Ապագայի մասին խոսելիս Զեդորֆը չի բացառում, որ կվերադառնա մարզչական նստարանին․ «Ինձ դուր է գալիս աշխատել ֆուտբոլի աշխարհում։ Մտածում եմ մարզչական գործունեության մասին․․․»

Մեկնաբանություններ

Տարածել