Ֆուտբոլային լեգենդները երկու մասի են բաժանվել ՖԻՖԱ-ի որոշման վերաբերյալ

102

 

Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Բերտի Ֆոգտսն ասել է, որ սարսափում է Աշխարհի առաջնությունում 48 թիմ ընդգրկելու ՖԻՖԱ-ի որոշումից: «Անհավատալի է,- ասել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» լեգենդը, որը 1974-ին հաղթել էր Աշխարհի առաջնությունում:- Եթե նրանք ցանկանում են Աշխարհի առաջնության վերջը տալ, ուղղակի պետք է նույն կերպ շարունակեն: Չեմ հասկանում: Սա այլևս իմ Աշխարհի առաջնությունը չէ: Ես սարսափած եմ»:

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հանց Ռումենիգեն, որը նաև Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահն է, նույնպես որոշման դեմ է հանդես եկել: «Դա սխալ է: Դա քաղաքական որոշում է, ոչ թե մարզական: Չեմ տեսնում համակարգը փոխելու կարիքը. այն 32 թիմով էլ հաջողություն է ունեցել»,- ասել է Ռումենիգեն «Բիլդին»:

Ուվե Զելերը, որն Արևմտյան Գերմանիայի կազմում 1966 թվականին դարձավ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, նույնպես իր կարծիքն է հայտնել` ասելով, որ Եվրոպայի առաջնության ընդարձակումն արդեն ապացուցել է, որ այսպիսի գաղափարները միջազգային մրցաշարերի գրավչությունը նվազեցնում են: «Ձանձրալի է լինելու և ֆուտբոլին ոչ մի օգուտ չի բերելու, ինչպես տեսանք Եվրո-2016-ին: Բայց ակնհայտ է, որ այսպիսի բան տեղի էր ունենալու, որ ավելի շատ փող վաստակեն»,- ասել է Զելերը:

Հնչել են նաև կողմ կարծիքներ, որոնց թվում 1986-ի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայինը, որը համարում է, որ սա ավելի մեծ հետաքրքրվածություն կառաջացնի ֆուտբոլի նկատմամբ այն երկրներում, որոնք սովորաբար չեն որակավորվում Աշխարհի առաջնության համար: «Լավ գաղափար է,- ասել է արգենտինացին:- Ավելի շատ թիմեր ունենալը մարդկանց կոգեշնչի դաշտ դուրս գալ»:

Կառլես Պույոլը` 2010-ի չեմպիոնը, համաձայն է Մարադոնայի հետ: «Աշխարհի առաջնությունը ֆուտբոլի տոն է, այնպես որ` ինչքան շատ թիմ, այնքան լավ»,- ասել է նա:

Սամուել Էտո’oն, որը 2010-ին ներկայացրել էր Կամերունը, պարզապես ասաց. «Շնորհակալություն Աշխարհի առաջնությունն աղքատներին ավելի մոտ բերելու համար»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել