Մեսսի և Ռոնալդուի մրցավազքի հերթական գլուխը

403

Մրցանակը միգուցե այլ է, բայց արդյունքը նույնն էր: Երկուշաբթի երեկոյան Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը` ավելացնելով այն իր անձնական մրցանակների ցանկին:Ռոնալդուն ստացել էր նաև այս տարվա Ոսկե գնդակը, որը հանկարծակի բաժանվել էր ՖԻՖԱ-ի անհատական մրցանակից:

Ոսկե գնդակը, որը հիմնադրել է «Ֆրանս Ֆուտբոլը», շնորհվում է` սկսած 1956 թվականից, իսկ Լավագույնի կոչումը կարծես թե ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի անմիջական ժառանգորդն է: Բայց երկուսի բեմահարթակում էլ գերիշխում էին երկու հոգի, ոչ թե մեկը, իսկ երրորդը գրեթե ավելորդ էր:

Երկուշաբթի օրվա իր համարում իսպանական «ԱՍ»-ը խոսեց լավագույնի կոչման համարՌոնալդուի և Լիոնել Մեսսիի պայքարի մասին: Մադրիդի «Ատլետիկոյի» Անտուան Գրիզմանն փայլուն խաղացող է, բայց նրանց կարծիքով նա ոչ ավելին էր, քան «ականատես» երկուշաբթի օրը: Նա հաղթելու շատ քիչ հնարավորություն ուներ:

Իրականում, բացի Ռոնալդուից և Մեսսիից, ուրիշ ոչ մի խաղացող Ոսկե գնդակը չի նվաճել 2007 թվականից. Կական վերջին մարդն էր, որը կոտրեց այս երկիշխանությունը: Մտածել այն ժամանակների մասին, երբ Կական կարող էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստը համարվել, նշանակում է հիշել վաղուց մոռացված ֆուտբոլային աշխարհ: Բրազիլիացին այլևս երբեք չմոտեցավ այդ բարձունքին:

Բայց միայն Կակայի հաղթանակը չէ, որ աչքի է ընկնում: Բացի Մեսսիից և Ռոնալդուից` ուրիշ ոչ մի խաղացող Ոսկե գնդակի առաջին երկու հորիզոնականներում չի հայտնվել` սկսած 2010-ից: Փոխարենը մենք ունենք իրավիճակ, երբ երկու խաղացողները միասին են ծաղկել և երկուսն էլ կարող են հավակնել աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի կոչմանը: 2007-ից հետո Ռոնալդուն չորս անգամ է Ոսկե գնդակը նվաճել, իսկ Մեսսին` հինգ անգամ: Սա մրցակցություն է ստեղծել երկու խաղացողների միջև, որոնք միգուցե երբեք միմյանց նկատմամբ սահանկում էլ չեն իրականացրել: Այս մրցակցությունն է բնութագրում ժամանակակից խաղը:

Մտածեք, թե ինչպիսին է այժմ ֆուտբոլը: Վերջին վեց Չեմպիոնների լիգաներից չորսում հաղթել են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», և նրանց անհատական աստղերը ամեն անգամ բացառիկ մրցաշրջան էին անցկացնում:

Անցյալում Ռոնալդուն կարող էր երջանիկ լինել «Օլդ Թրաֆորդում»: Բայց ոչ այն դեպքում, երբ նա գիտի, որ փոքրամարմին արգենտինացին ուղղակի սպասում էր անկյունում` պատրաստ հարձակվելու, եթե նա չհաղթեր Չեմպիոնների լիգայում: Այսպիսի մեծ մրցակցության պայմաններում աշխարհում լավագույնը լինելու համար նա պետք է խաղար աշխարհի երկու մեծագույն ակումբներից մեկում: Հիշատակման է արժանի այն, որ վերջին երեք Ոսկե գնդակները շնորհվել են խաղացողներին, որոնց ակումբներն այդ տարի հաղթել են Եվրոպայի կարևորագույն մրցաշարում: Ռոնալդուի հաղթանակը Եվրոպայի առաջնությունում ուղղակի բոնուս էր:

Մեսսին դժվար պահ էր անցկացնում, և «Բարսելոնան» բերեց Լուիս Սուարեսին ու Նեյմարին, որպեսզի ճնշումը միայն Լեոյի վրա չընկնի: Ռաֆա Բենիտեսը չկարողացավ արժանանալ Ռոնալդուի հարգանքին, և նրան դուրս հանեցին և բերեցին Զիդանին: Երբեմն թիմերը հասնում են իսկական ֆարսի: Դժվար է մոռանալ, թե ինչպես էին «Ռեալի» երկրպագուները սուլում Գարեթ Բեյլին, երբ նա որոշեց հարվածել, ոչ թե գնդակը փոխանցել Ռոնալդուին:

Վերջին հինգ տարիների ընթացքում մի պահ կար, երբ «Ռեալն» առաջնությունում երկրորդական դեր էր կատարում «Բարսելոնայի» ֆոնին. նրանք 2012-ից սկսած չեմպիոն չէին դարձել, բայց թվում էր, թե «Բլանկոսի» երկրպագուները մտածում էին միայն այն մասին, որ Ռոնալդուն ամենաշատ գոլերը խփի առաջնությունում: Կարելի է անգամ ասել, որ այս երկուսի անհատական մեծությունը որոշ պահերի վնասում էր թիմերին:

Պաշտպանական խաղի բացակայությունը Ռոնալդուի մոտ անհրաժեշտություն ստեղծեց, որ թիմը նրա շուրջ կառուցվի, իսկ 2013-14 թվականներին Մեսսիին խաղում էր, թեև ակնհայտորեն անպատրաստ էր:

Այնպես որ լավագույնի կոչման համար պայքարն անհավատալի լարվածության էր հասել: Անդրես Ինյեստայի, Լուիս Սուարեսի, Ֆրանկ Ռիբերիի և Չավիի պես խաղացողները գիտեին, որ կհասնեն իրենց կարիերայի գագաթնակետին առանց մրցանակը ստանալու: Նրանք ստիպված էին դիտել, թե ինչպես էին Ռոնալդուն և Մեսսին խփում գոլ գոլի հետևից: 25-ամյա Գրիզմանը պետք է հույս ունենա, որ նրանք կավարտեն կարիերան, եթե նա ցանկանում է անհատական մրցանակներից մեկը նվաճել:

Սա նաև անձնական է դարձել: Եթե ցանկանում եք տեսնել ժապավենին հանձնված ամենատարօրինակ տեսարաններից մեկը, խորհուրդ ենք տալիս դիտել 2016 թվականին նկարահանված փաստագրական ֆիլմը Ռոնալդուի մասին:Ցուցադրվում է 2015 թվականի Ոսկե գնդակի արարողությունը: Կրիշտիանու Ռոնալդու Կրտսերը ետնաբեմում հիացմունքով նայում է Մեսսիին: Նրա հայրը հազիվ է իրեն ստիպում խոսել մրցակցի հետ: Այլ տեսարաններում Ռոնալդուն նրան միայն անվանում է «մյուս տղան»` բացահայտելով իր տարվածությունը:

Հիմա պայքար է ընթանում ոչ միայն մրցանակի, այլ նաև այն բանի համար, թե որ մրցանակն է ավելի կարևոր: Ոսկե գնդակը պատմություն ունի, բայց ՖԻՖԱ-ի լավագույնը ֆինանսներ կունենա: «Բարսելոնան» արդեն իր խոսքն ասել է. երկուշաբթի օրվա արարողությանը թիմի ոչ մի խաղացող չէր մասնակցում: Միգուցե ինչ-որ չափով սա բողոք էր Ռոնալդուի հաղթանակի դեմ:

Արդյո՞ք իրավիճակը կոմիկականի կհասնի: Արդյո՞ք հաջորդ տարի մրցանակները կբաժանվեն երկու խաղացողների միջև: Միուցե դա այս մրցակցության միակ ավարտն է: Ոսկե գնդակ Մեսսիի համար, Լավագույնի կոչումը` Ռոնալդուի: Արդյո՞ք դա է ֆուտբոլի ավելի ու ավելի վտանգավոր սպառազինությունների մրցավազքի միակ լուծումը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել