Ռունին անկեղծանում է Եվրոյում Անգլիայի հավաքականի պարտության մասին

372

Ուեյն Ռունիի լայնածավալ հարցազրույցը dailymail-ին:

Երբ հնչեց Եվրո-2016-ից Անգլիայի հավաքականի դուրս մնալն ազդարարող սուլիչի ձայնը՝ Ուեյն Ռունին այլևս դաշտում չէր: Նրան փոխարինել էր Մարկուս Ռեշֆորդը: Ռունին վեր կացավ ու գնաց գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի ու նրա անձնակազմի հակառակ ուղղությամբ՝ դեպի իր թիմակիցները՝ ամոթխած դեմքով:

Նախ նա խոսեց Ջեյմի Վարդիի հետ, այնուհետև հուզված երկու բառ փոխանակեց այլ խաղացողների հետ: Ֆրանսիա ժամանած անգլիացի երկրպագուների զայրույթը անխուսափելի էր ու հասկանալի:Ռունին վերադարձավ հանդերձարան ու իմացավ, որ Անգլիայի մարզիչը հրաժարական է տվել: Հոջսոնն ասաց, որ ինքը կարճ ելույթ կունենա. «Ուեյնը կարող է խոսել մամուլի հետ»,- ավելացրեց նա:

Եվ Ուեյնն արեց դա, փորձեց բացատրել անբացատրելին, թե ինչու պարտվեցին 300.000 բնակչություն ունեցող Իսլանդիային 2:1 հաշվով: Ռունին երկար է մտածել այս մասին: Եվ այսօր նա Անգլիայի հավաքականի առաջին խսղացողն է, ով խոսել է, թե ինչն էր իրենց թիմում վատ:

«Ինձ թվում էր, թե մենք լավ թիմ ունենք: Շատ հեռանկարային, շատ տաղանդավոր: Այո, մի քանի երիտասարդներ ունեինք, ու ռիսկ կա, որ նրանք լավ հանդես չեն գա մրցաշարում, բայց ես առաջվա պես մնում եմ այն կարծիքին, որ մենք կարող էինք հաջողության հասնել: Իսլանդիայի հետ հանդիպումը իսկական հիասթափություն էր:

Երբ հեռանում ես դաշտից՝ քո լավագույն խաղն անցկացնելով, ավելի լավ թիմից պարտվելով, դա ընդունելի է: Բայց մենք չխաղացինք: Սլովակիայի հետ խաղում մենք կորցրեցինք մեր խթանը, իսկ մրցաշարում պետք է վստահություն ունենաս: Դա գալիս է հաղթանակներից:

Ընկերականներում մենք հիանալի հանդես չեկանք, բայց հաղթեցինք: Այսպիսով փորձում ես թիմ կառուցել նույնիսկ մրցաշարից առաջ, բայց այն սկսվելուն պես մենք հետևողական չեղանք:

Ռոյը որոշեց Սլովակիայի հետ խաղում այդպիսի փոփոխություններ կատարել, այն թիմը, որը նա դուրս բերեց, պետք է կարողանար հաղթել: Ամեն դեպքում, ես ուզում էի խաղալ, դա հերքել չեմ կարող»:

Արդյոք նա պահեստայինների նստարանին կնստեցնե՞ր 6 խաղացողի, մեծ փոփոխություն, որը հանգեցրեց ընդամենը 0:0 արդյունքի:

«Ոչ, ես վեց խաղացողի հանգստի չէի ուղարկի: Դա թիմի կեսից ավելին է: Դա չարդարացված փորձ էր:

Երբ դուրս եկա Սլովակիայի դեմ, դժվար էր խաղը փոխել, գրեթե անհնար: Ես վազվզում էի՝ փորձելով էներգիան հետ բերել թիմ:

Ես ագրեսիայի պակաս էի նկատում, վազքի, փոխանցումների մեջ, մենք խանդավառված չէինք, ես հենց այդ բաներն էի փորձում մտցնել: Երբ պահեստայինների նստարանին ես, հիասթափեցնող է, որովհետև քեզ միշտ թվում է, որ կարող ես ինչ-որ նոր բան ներմուծել»:

Լավ, այս ամենն անցյալում է, իսկ ի՞նչ կա ապագայում: Էլարդայսին նշանակելուց առաջ Անգլիայի ֆեդերացիան խորհրդակցել էր Ռունիի հետ: Վերջինս չի կարծում, թե Էլարդայսը անհեթեթ է Անգլիայի թիմի ղեկին:

Ռունին, ինչպես կարելի է գլխի ընկնել նրա սանրվածքից, սպիտակ պոլո վերնաշապիկից և ուղիղ արդուկած տաբատից, պահպանողական է:

Նրա սիրելի մարզիչները՝ Մոուրինյոն, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, նույնպես  պահպանողական են: Կիրքն ու հափշտակվածությունը, մեղմ ասած, Ռունիի համար չեն:

«Իսլանդիայի դեմ խաղում շատ խղճուկ տեսք ունեինք: Այս նոր խաղաոճում Անգլիան կարող է կորել: Բոլորը տեղաշարժվում են, բայց երբեմն ամենահեշտ ճանապարհը տուգանայինը ճեղքելն է: Սա միշտ չէ, որ կատարյալ տարբերակ է, սա այն  տարբերակը չէ, որ մարդիկ են ուզում տեսնել, բայց այն կարող է գոլ պարգևել:

Տիրապետումը հիանալի բան է, բայց այն պետք է ուղղորդված լինի, ու հիմնականում՝ դեպի գոլը:

Յուրաքանչյուր մարզիչ ունի խաղը վարելու սեփական մտքերը, բայց եթե այն չի աշխատում, ի՞նչ խնդիր կա հին սխեմային վերադառնալու, մրցակցին անհարմարություն պատճառելու:

Նպատակին հասնելու բազմաթիվ ճանապարհներ կան, բայց փոխանցում, փոխանցում ու վերջում հետ փոխանցում դարպասապահի՞դ: Հարձակվողի համար դա հիասթափեցնող է: Եթե նայենք Պորտուգալիային, նրանք գիտեն, որ իրենք Ֆրանսիայի պես լավ թիմ չեն, ուստի մեծ ճնշում էին գործադրում, հավատարիմ էին մնում իրենց ծրագրին ու սպասում գոլին:

Մեկ շանս, ու դու գիտես, որ կարող ես հաղթել խաղը: Յուրաքանչյուր խաղացող ներգրավված էր այդ ծրագրում, քանի որ եթե մեկ խաղացող չի հետևում դրան, դու պարտվում ես:

Այս մենթալիտետը գալիս է մարզչից: Ուստի Սեմ Էլարդայսը պետք է մեզ հասցնի այն կետին, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ պետք է անեն, ինչպես պետք է պաշտպանվել 1:0 հաշվի դեպքում, 2:0 հաշվի դեպքում, ինչպես հարձակվել, եթե հաշվի մեջ հետ ես: Տարբեր պլաններ, տարբեր սցենարներ:

Արդյունքում, մենք շատ կանխատեսելի դարձանք, իսկ երբ թոփ մակարդակում ես այդպես խաղում, դուրս ես մնում: Հիմա մեր աշխատանքն է մեծ խաղերում, այս մենթալիտետը խաղացողների միջից հանել, որովհետև ես վստահ եմ, որ մենք կարող ենք»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել