ՆԻԿՈԼԱ ՌԻՑՈԼԻ. ԱՄԵՆԱՀԱՃԵԼԻՆ ՖՐԱՆՍԻԱ-ԳԵՐՄԱՆԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՆԱՅԵԼՆ ԷՐ

481

La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում իտալացի մրցավար Նիկոլա Ռիցոլին պատասխանել է Եվրո-2016-ի մի քանի հակասական իրավիճակների մասին հարցերին։ Իտալացիների պարտությունը գերմանացիներից հետխաղյա 11-մետրանոցներով սգի մեջ ընկղմեց մի ողջ ազգի։ Ֆուտբոլային ազգին։ Հանգամանքների բերումով Եվրո-2016-ում Բունդեսթիմի հաջորդ հանդիպումը դատեց հենց իտալացին, և այս խաղը չստացվեց առանց շատ վիճելի 11-մետրանոցի, որը Նիկոլա Ռիցոլին նշանակեց իբր սեփական տուգանայինում Բաստիան Շվայնշտայգերի ձեռքով խաղի պատճառով։ Խոսակցություններն այն մասին, թե իբր ապենինցին որոշեց վրեժի կերակրատեսակը տաք-տաք մատուցել, սկսեցին ողջ աշխարհով կրկին շրջանառվել այն ժամանակ, երբ Գերմանիան հետագայում հրաժեշտ տվեց չեմպիոնության երազանքին։ Բայց ինքը՝ Ռիցոլին, չի կասկածում իր որոշման իրավացիությանը։

Ինչպե՞ս տեսաք 11-մետրանոցով դրվագը Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կիսաեզրափակիչ խաղում։

— Դա 6-րդ զգայարանն էր։ Ես կենտրոնացած էի խաղի վրա։ Պատրիս Էվրան և Բաստիան Շվայնշտայգերը կարծես իմ ձեռքի ափի մեջ լինեին։ Ես շուտ գլխի ընկա, որ գնդակը շարժվում է նրանց կողմը, և ինքս էլ նետվեցի այդ կողմը։ Իմ աչքերն իսկույն «լուսանկարեցին» այդ պահը, և անմիջապես որոշում կայացրի։ Սկզբում շատ խաղացողներ անմիջապես չհասկացան, թե ինչ է կատարվում, բացի Օլիվյե Ժիրուից։ Գերմանացիները խնդրեցին բացատրել, և ես ասացի Շվայնշտայգերի մասին։ Նրանք մռայլ շրջվեցին։ Բոլորը հասկացան, որ ես իրավացի եմ։ Իսկ ամենահաճելին տանը խաղը նայելն էր. տեսագրության մեջ ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես դա մտապահել էի։

Ցավոք՝ ձեզ համար եզրափակիչը չկայացավ։

— Ինձ վստահել էին կիսաեզրափակիչ խաղը, դա արդեն նշանակում է, որ ես ճիշտ ուղու վրա եմ։ Իսկ եզրափակիչն ընդհանրապես հեքիաթ կլիներ։ Ես նայեցի այդ խաղը, նույնիսկ Մարկ Կլատենբուրգին շնորհավորական ուղերձ հղեցի։ Բայց զղջալու առիթ չունեմ. մենք մեր թիմով ամեն ինչ ճիշտ ենք արել և կատարել նվազագույն ծրագիրը։

— Եվրո-2016-ում ձեր առաջին խաղը Անգլիայի և Ռուսաստանի հանդիպումն էր։ Արդեն այն ժամանակ գիտեի՞ք, թե ինչ էր կատարվել Մարսելի փողոցներում։

— Հանդիպումից 3 ժամ առաջ մենք արդեն մեկուսացված էինք։ Այնպես որ՝ երկրպագուների բախումների մասին չենք իմացել, ծայրահեղ դեպքում՝ դրանց մասշտաբների մասին։ Հանդիպման օրը պետք է վաղ առավոտից կենտրոնացած լինենք աշխատանքի վրա։

Որովհետև պետք է պատրաստ լինել հենց առաջին րոպեին 11-մետրանոց նշանակել, ինչպես Ֆրանսիայի և Իռլանդիայի հետ խաղում Պոլ Պոգբայի խախտումից հետո։

— Այո, չէ՞ որ կարելի է խաղին սխալ երանգ հաղորդել, առաջին վայրկյաններից շեղել ուշադրությունը և բաց թողնել վճռորոշ դրվագը։

Ի՞նչ զգացիք Իտալիա-Գերմանիա հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 11-մետրանոցներով։

— Ես՝ ինչպես միշտ, երկրպագում էի մեր հավաքականին՝ չնայած անձնական շահերի բախմանը։

Հոկտեմբերի 5-ին դուք կդառնաք 45 տարեկան։ Ինչ-որ մեկը գտնում է, որ դուք արդեն բավականաչափ մոտիվացված չեք լինի, որպեսզի վերահսկեք ողջ ֆուտբոլային դաշտը։ Դա ճի՞շտ է։

— Ես գերազանց ֆիզիկական և հոգեբանական մարզավիճակում եմ։ Առաջվա պես ուզում եմ դատել հանդիպումները։ Մինչև այդ զգացողությունները չանցնեն, ես կշարունակեմ։

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել